Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ԱՄՆ-ի ողջ պատմությունը եղել է Ծովի ու Ցամաքի պայքար

ԱՄՆ-ի ողջ պատմությունը եղել է  Ծովի ու Ցամաքի պայքար
06.11.2012 | 11:54

Այն բանից հետո, երբ «երկբևեռ» աշխարհը դադարեց գոյություն ունենալուց, և վրա հասավ ՆԱՏՕ-ի ճգնաժամը, տարածաշրջանների պետությունները չեն շտապում օրինակարգ ռազմաքաղաքական դաշինքներ ստեղծել, քանի որ դրան սկզբունքորեն դեմ են ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի առաջատար պետությունները, համաշխարհային և տարածաշրջանային աշխարհաքաղաքական խաղերը պատմության մեջ աննախադեպ փոխկապակցված են ու բարդ, սպառազինությունների վրա կատարվող ծախսերը շարունակ աճում են, պետությունների մեծ մասն ընդունակ է ինքնուրույն կամ խնամակալ տերությունների օգնությամբ լուծելու իր անվտանգության խնդիրները, փոխվել են արտաքին քաղաքականության նպատակներն ու խնդիրները, աշխարհատնտեսական նպատակների ու խնդիրների գերակայությունները: Սակայն պայմանագրային դաշնախմբեր ու միություններ ստեղծելու ձգտման բացակայության հիմնական պատճառն առճակատման քաղաքականության վտանգն է: Առկա աշխարհակարգն առայժմ հնարավորություն տալիս է (մի շարք դեպքերում` միանգամայն հաջող) լուծելու պետությունների միջև եղած վիճելի հարցերը: Բայց այդ հարցերն ու խնդիրները չեն վերացել, դրանք շատ վայրերում ժամանակավորապես սառեցվել են և իրենց լուծմանն են սպասում: Հակամարտություններ ունեցող պետությունների մեծամասնությունը զգալի տնտեսական դժվարություններ ունի, ինչը մշտապես սպառնում է վերաճելու սոցիալ-քաղաքական անկայունության: Պետությունները ձգտում են կա՛մ առհասարակ մոռացության մատնել իրենց միջազգային խնդիրների մի մասը, կա՛մ այդ խնդիրները լուծել տնտեսականին զուգահեռ, ինչը պայմանավորում է խաղաղության և հարաբերական կայունության պահպանումը:
Այն ընդարձակ տարածությունը, որը Զբիգնև Բժեզինսկին անվանել է «Եվրասիական Բալկաններ», ավելի անկայուն է ու աշխարհակարգի պահպանման համար վտանգավոր, քան Արևմտյան Աֆրիկան, Մերձավոր Արևելքը կամ Հարավարևելյան Ասիան: Այդ տարածաշրջանում բախվում են ոչ միայն տնտեսական և քաղաքական շահեր, այլև ամբողջ քաղաքակրթություններ, որոնք չեն կորցրել իրենց հավակնություններն ու նվաճողական նկարագիրը: Հանքային ու ածխաջրածնային հումքի պաշարներով, գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ այդ տարածաշրջանը զգալիորեն զիջում է Լատինական Ամերիկայի առանձին պետությունների, Հարավարևելյան Ասիայի կամ Աֆրիկայի ենթատարածաշրջաններին: Այդ տարածաշրջանը, որպես հումքային բազա, այլընտրանք չունի Գերմանիայի համար և շատ արժեքավոր է Ֆրանսիայի ու այլ մայրցամաքային, արդյունաբերապես զարգացած եվրոպական պետությունների, ինչպես նաև Ճապոնիայի, Կորեայի, Չինաստանի համար: Մեծ Բրիտանիայի և հատկապես ԱՄՆ-ի համար այդ տարածաշրջանի պաշարները փոխադրման տեսակետից անմատչելի են, դրանց տնտեսական նպատակահարմարությունը կասկածելի է, իսկ հակամարտությունների օջախների առկայությունն առհասարակ կասկածի տակ է դնում այդ պաշարների արդյունավետ օգտագործման հնարավորությունը: Ի տարբերություն մյուս հնարավոր հումքային տարածաշրջանների, «Եվրասիական Բալկանները» բնութագրվում են ոչ միայն բնակչության մի մասի, այլև կառավարող խավերի իռացիոնալ վարքագծի բարձր մակարդակով:
Հարց է ծագում` որո՞նք են առավել խոշոր հակասությունները «Եվրասիական Բալկանների» տարածաշրջանում, այդ թվում` Հարավային Կովկասում, և որոնք են այդ հակասությունների շարժառիթները:
Հետազոտողների շրջանում մշտապես ծագող հարցը` ԱՄՆ-ի համար ի՞նչն է առաջնայինը այդ տարածաշրջանում` տնտեսությո՞ւնը, թե՞ քաղաքականությունը, ոչ թե քաղաքական ռեբուս է, այլ տվյալ հարցի լիակատար լուծված չլինելու նշան հենց ամերիկացիների համար: Ամենաարտասովորը, որ կարող է տեղի ունենալ այդ խնդրի առումով, այն է, եթե պարզվի, որ նորանկախ պետությունների հանդեպ ԱՄՆ-ի պաշտոնական հայեցակարգի նպատակներն ու խնդիրները սպառված են: ԱՄՆ-ի պաշտոնական հայեցակարգի առաքելությունն այդ պետությունների անկախության և անվտանգության պահպանումն է: Քաղաքական գրականության մեջ գոյության իրավունք է ստացել այն գերիշխող գաղափարը, թե նորանկախ պետությունների հանդեպ ամերիկյան քաղաքականությունն ուղղված է նախ և առաջ Ռուսաստանի դեմ, ռուս-եվրասիական կայսրության վերակենդանացում թույլ չտալուն: Կասկած չկա, որ ԱՄՆ-ն իր առջև հենց այդ առաջնային աշխարհաքաղաքական նպատակն է դնում: Դա չեն թաքցնում նաև իրենք` ամերիկացիները, որոնք պնդում են, թե պետք է պահպանվի Ռուսաստանի կայսրապետական քաղաքական նկարագիրը և Եվրասիայում գերիշխանությունը վերականգնելու նրա ձգտումը: Սակայն ռուս քաղաքագետները, հատկապես եվրասիական և մերձեվրասիական ուղղության, հակված են ԱՄՆ-ի այդ նպատակները մատուցելու իբրև գրեթե սրբազան և քաղաքակրթական ուժ ունեցող բան: Այսինքն, ռուս-ամերիկյան աշխարհաքաղաքական դիմակայությունը պատկերացվում է իբրև Ցամաքի ուժերի և Ծովի ուժերի պայքար, ինչը լիովին համահունչ է ռուսական հոգևոր-քաղաքական ավանդույթին, բայց ԱՄՆ-ի համար միանգամայն կոմիկական-ծաղրանկարային տեսք ունի: Գերմանացի և ռուս քաղաքագետների վաղուց մշակած այդ հայեցակարգում սխալմունք, կանխակարծություն կամ միտումնավորություն չկա: Այդ սխեման պատմականորեն ստուգված է, ու, թերևս, այլընտրանք չունի: Ծովային տերությունների պայքարը մայրցամաքայինների դեմ պատմական փաստ է, ու, թերևս, ունի իր սրբազան էությունը: Բայց պատմության մեջ խոր հակամարտություն է տեղի ունենում ոչ միայն ծովային ու մայրցամաքային տերությունների միջև (Հռոմը լայնածավալ պատերազմ է մղել ոչ միայն Կարթագենի` Փյունիկիայի հաջորդի դեմ, այլև դասական Ցամաքի ուժերի` Մակեդոնիայի ու Պարսկաստանի): Ծածուկ վարկածներ կան այն մասին, որ ԱՄՆ-ի ողջ պատմությունը եղել է Ծովի ու Ցամաքի պայքար (քանի որ, հենց ռուս եվրասիագետների պնդմամբ, Չինաստանը, չնայած արտաքին նշաններին, անկասկած, ծովային տերություն է):
Հնարավոր է, որ հետագայում, երբ համաշխարհային հակամարտության սխեմաներն ու տրամաբանությունը փոքր-ինչ փոխվեն, առաջարկվի ռուս-ամերիկյան հակամարտության հետևյալ տրամաբանությունը:
Ռուսաստանի զբաղեցրած տարածությունն իրենից ներկայացնում է պետության ցամաքային, եվրասիական կարգ` անկախ ազգերից ու դավանանքներից: Միանգամայն պարզ է, որ դասական ծովային պետություն Թուրքիան քիչ խնդիրներ չունի բուն եվրասիական թյուրքական ազգերի քաղաքական գերակայության ընկալման հարցում: Ռուսաստանը իբրև եվրոպական մշակույթի մաս, պահպանում է իր եվրասիական էությունը, մինչդեռ իսլամական շատ երկրներ առավելագույնս արևելահակ են և իրենցից ներկայացնում են մի «նոր Կարթագեն»: Ցանկացած պայքար Ռուսաստանի դեմ, անկախ այն բանից, թե ումից է բխում, ունի հակամայրցամաքային ուղղություն: Այսինքն, Ռուսաստանի բոլոր փաստական հակառակորդներն ունեն հակաեվրասիական էություն, այդպիսին է նրանց քաղաքական և աշխարհաքաղաքական տրամաբանությունը: Գերմանիան և Ճապոնիան, որոնք, եվրասիացիների պնդմամբ, դասական ցամաքային պետություններ են, անընդհատ կորցնում էին իրենց հակաօվկիանոսային ուղղվածությունը, իրենց սրբազան նպատակները` պատերազմելով Ռուսաստանի դեմ:
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, փաստորեն, երբեք չի ունեցել և չունի որևէ քաղաքակրթական բովանդակություն: Դա կհակասեր ԱՄՆ-ին տրված եվրոպական և այլ ավանդական գնահատականներին` որպես կոսմոպոլիտ կայսրության, և առավել ևս` որպես «Նոր Հռոմի», ինչպիսին նրան ձգտում են ներկայացնել իսլամական ավանդապաշտները: Միաժամանակ, ամերիկյան քաղաքականության հետ էլ են տարօրինակ բաներ կատարվում: ԱՄՆ-ի քաղաքականությունը ձեռք է բերում սրբազան, քաղաքակրթական իմաստ, երբ նրա հակառակորդ Ռուսաստանը մնում է ավանդապաշտ քաղաքական գաղափարախոսության կրող:
Ամերիկացիների համար նման հակառակորդները շատ անհարմար են, այդ երկրների վերնախավերն անկանխատեսելի են լինում, նրանց ընդունած որոշումները համարվում են ապակառուցողական և, ուրեմն, առանձնապես վտանգավոր: Գաղափարախոսությունների և գաղափարականացված վարչակազմերի դեմ պայքարը ԱՄՆ-ի համար առավել բարդ է եղել (վերջին ժամանակներս, օրինակ, ԱՄՆ-ում առաջարկություններ են եղել` Հյուսիսային Կորեայից և անցանկալի վարչակարգ ունեցող մյուս երկրներից գնելու նրանց ունեցած զանգվածային ոչնչացման զենքը):
Ռուսաստանն ընդունվել է տնտեսապես առավել զարգացած պետությունների ընտրյալ ակումբ, իսկ ռուսական ղեկավարները մասնակցում են միջազգային առավել կարևոր ռազմավարական որոշումների ընդունմանը: Չնայած Ռուսաստանի աննախադեպ քաղաքական-տնտեսական թուլությանը, ԱՄՆ-ը և մյուս պետություններն ուշադրությամբ լսում են նրա կարծիքը, հատկապես հակամարտությունների առնչությամբ: Ռուսաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները հանգեցրել են այն բանին, որ ասպարեզից դուրս մղվեն այն երեք հիմնական քաղաքական ուժերը, որոնք անընդունելի էին ԱՄՆ-ի ու Արևմուտքի համար` լուսանցքային ձախ նացիոնալ-հայրենասերները, կոմունիստական կուսակցությունը, ինչպես նաև ազգայնականները: Չնայած արմատական ազատական ուժերը պատմական ջախջախիչ պարտություն կրեցին, ինչն ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության քաղաքականության ձախողում է, Ռուսաստանում ամրապնդվել են ռազմարդյունաբերական, էներգահումքային, տարածաշրջանային կորպորացիաների, ինչպես նաև ուժային գերատեսչությունների շրջանակներում կազմակերպված աջ հայրենասերների կողմից իշխանության կայուն նվաճման հեռանկարները: Ամերիկացիները չեն կարող չհասկանալ, որ ռուս-ամերիկյան դիմակայությունում գաղափարախոսական տարրերը բացառված են: Ռուսաստանում ձևավորվում է աջ հայրենասիրական ճամբար, այսինքն` երկրի քաղաքական ասպարեզը շուտով քիչ կտարբերվի ավանդական եվրոպականից, ուր ձախերը միշտ ծանրակշիռ դիրք են զբաղեցրել;
Միջազգային քաղաքական միտումներն այնպիսին են, որ Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությունը քիչ է տարբերվելու Եվրոպայի կամ Ճապոնիայի հանդեպ նրա քաղաքականությունից: Նույն մեթոդները կկիրառվեն քաղաքական ինքնուրույնություն, դոլարի դուրսմղում թույլ չտալու համար, պայքար կմղվի հանուն ամերիկյան ընկերությունների շահերի, հանուն տեխնոլոգիական և հետազոտական գերակայությունների: Այս կապակցությամբ կարելի է ենթադրել, որ նախկին խորհրդային տարածությունն ամերիկացիների կողմից տարազատվում է երկու մասի: Ռուսաստանն ամերիկացիների համար ամենևին էլ Արևմուտքի հումքային կցորդ չէ, ինչպես շարունակում են պնդել ձախ թևի ռուս քաղաքագետներն ու լրատվամիջոցները, այլ նոր տարանցման-սպասարկման աշխարհաքաղաքակրթություն, որը բնութագրվում է որպես բարձրտեխնոլոգիական և մեծապես բարձրակարգ, բայց ԱՄՆ-ին ու Արևմուտքին ստորադիր` բարձրտեխնոլոգիական և հանքահումքային գործառույթների կատարման առումով: ԱՄՆ-ը չի կարող ակնկալել Ռուսաստանի սոցիալական և տնտեսական աղճատման նոր փուլ և երրորդ աշխարհի երկրի վերածում: ԱՄՆ-ն իր առջև իրագործելի նպատակներ է դնում: Բայց հենց այդ կեղծ դրականության մեջ է թաքնված այն իրոք սրբազան խնդիրը, որը հարկադրված են լուծել ամերիկացիները` կենսագործելով «քաղաքակրթական դաշտի» շրջափոխություն:
Բայց վերստին հարկ է նշել, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի այդ պայքարը սկզբունքորեն առանձնահատուկ բնույթ չի կրում: Համանման հնարքներ, տարբեր հաջողությամբ, ամերիկացիները գործադրում էին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` Եվրոպայում, Ճապոնիայում, ինչպես նաև Լատինական Ամերիկայի և նույնիսկ արաբական աշխարհի նկատմամբ: Ամերիկացիները հասկանում են իրենց քաղաքակրթության մատերիալիստական առավելությունները և ձգտում են այդ առավելություններն օգտագործել իրենց արտաքին քաղաքականության մեջ:
Ի տարբերություն Ռուսաստանի, Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի առնչությամբ ևս ենթադրվում է որոշ քաղաքակրթական տարանցում, այսինքն, տարանցման սպասարկման աշխարհաքաղաքակրթության ստեղծում, բայց բնավ ոչ տեխնոլոգիական, այլ հումքային տիպի: Այդ տարածաշրջանի երկրները բարձրտեխնոլոգիական տարանցման-սպասարկման աշխարհաքաղաքակրթական կարգավիճակի հավակնությունների հիմքեր չունեն: Բացառված չէ, որ այդ տարածաշրջանները տարանցման-սպասարկման գործառույթներ կատարեն ոչ միայն Արևմուտքի, այլև Ռուսաստանի համար:
Այնքան հակասական ամերիկյան արտաքին քաղաքականությունը չէր կարող չազդել նախկին խորհրդային տարածությունում, այդ թվում` Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի նպատակների ու խնդիրների ոչ բավարար որոշակիության վրա: Այդ տարածաշրջաններում ԱՄՆ-ի քաղաքականության անորոշությունն ու անհետևողականությունը եղել են ոչ այնքան կարևոր, բայց, այնուամենայնիվ, Բիլ Քլինթոնի կառավարության քաղաքական ընդդիմախոսների կողմից օգտագործվել են իբրև փաստարկներ: Իհարկե, այդ փաստարկները հավասարազոր չեն Բալկանների իրադարձություններին և մեծ մասամբ օգտագործվում են հետազոտավերլուծական գործունեության ոլորտում: Բայց քաղաքական վերնոլորտը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի քաղաքականության անորոշության օրինակները բերում է իբրև ծանրակշիռ փաստարկներ: Սա չէր կարող հաշվի չառնվել ԱՄՆ-ի բոլոր հետագա կառավարությունների կողմից:
Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման գործընթացների վերաբերյալ ԱՄՆ-ի քաղաքականությունը դարձել է ավելի զուսպ ու զգույշ: ԱՄՆ-ի քաղաքականության մեջ ավելի ու ավելի նկատելի է դառնում տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի հետ համագործակցության պատրաստակամությունը: Դրա հետ մեկտեղ, կարգավորման գործում ԱՄՆ-ը հասել է գերիշխանության և չի կորցնի իր այդ դիրքերը:
ԱՄՆ-ի առջև խնդիր է դրված թույլ չտալ ազդեցության ու ներկայության վերականգնում Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, ապահովել ռազմավարական և այլ ներդրումների, էներգետիկ և այլ հաղորդուղիների անվտանգությունը, քաղաքական կայունությունը: ԱՄՆ-ի քաղաքականության մեջ, անկասկած, կմեծանա աշխարհատնտեսական նախագծերի, ամերիկյան ընկերությունների շահերի պաշտպանության ներդրումների արդյունավետության ապահովման նշանակությունը: Այդ նպատակներն ու խնդիրները լիովին համահունչ են Ռուսաստանի հետ որոշակի պայմանավորվածություններին, որոնք կարող են ձեռք բերվել տեսանելի հեռանկարում: Անհիմն կլիներ պնդել, թե ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև կարելի է ակնկալել լայնընդգրկուն պայմանավորվածություններ Եվրասիայում և նշված տարածաշրջաններում համագործակցության վերաբերյալ: Դա կնշանակեր ոչ միայն ամերիկյան քաղաքականության արմատական շրջադարձ, այլև ամերիկացիների կողմից իրենց քաղաքական դիրքերի հանձնում: Պետք է հաշվի առնել, որ այդ տարածաշրջաններում ակտիվորեն աշխատում են ԱՄՆ-ի ոչ միայն քաղաքական, այլև ռազմական ծրագրերը, սակայն հնարավոր են մասնավոր պայմանավորվածություններ էներգետիկ և այլ հաղորդուղիների պաշտպանության ոլորտում:
Եթե այդ տարածաշրջաններում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն ավելի շատ արտացոլի նրա աշխարհատնտեսական շահերը, դա կնպաստի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի և ԱՄՆ-ի ու Իրանի միջև առճակատման մակարդակի նվազմանը: Կարելի է նաև ենթադրել, որ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության աշխարհատնտեսական գործոնների նշանակության աճը կփոխի դրանց արմատականությունը ռազմաքաղաքական հակամարտությունների կարգավորման գործում: Դա, անշուշտ, կնպաստի տարածաշրջանի պետությունների քաղաքականության մեջ հանդուրժողականության ու կառուցողականության մթնոլորտի ստեղծմանը:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3431

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ